01.08.2012

Արդյունավետ տնտեսական քաղաքականության գերակայություն՝ հարկահավաք քաղաքականության փոխարեն

Յուրաքանչյուր երկրում բիզնեսի հաջողության գրավականը արդյունավետ տնտեսական ու հարկային քաղաքականությունն է: Բայց գոյություն ունի նաև կարևոր սուբյեկտիվ պատճառ.  որքանով է այն ունակ ճկուն արձագանքելու ցանկացած փոփոխության այդ դաշտում: Այդ մեխանիզմները ընկած են ժամանակակից ստանդարտներին համապատասխան ծրագրային փաթեթների ներդրման, հարկերի օպտիմալ կառավարման, պրոֆեսիոնալ ֆինանսկան և հարկային հաշվառման հիմքում: Իրականում գործարարը կարող է թույլ տալ այնպիսի սխալներ, որոնք նրա համար կարժենան ոչ միայն վատնած ժամանակ և գումարներ, այլև գործի արդյունավետություն և շահութաբերություն: Նման սխալներից խուսափելու և բիզնեսի գոյությունը հարցականի տակ չդնելու գլխավոր ճանապարհներից է մասնագիտացված հաշվապահական ծառայության ներգրավումն աշխատանքում: Ինչ է նշանակում այս բնագավառում պրոֆեսիոնալիզմը. փորձենք հասկանալ “3A Partners” հաշվապահական ընկերության տեսանկյունից: Եվ այսպես` գործառույթները, որոնք կազմակերպության համար պետք է իրականացնել, ներառում են հետևյալ մի քանի կետերը.

Գրագետ և հիմնավոր ֆինանսական հաշվետվությունների կազմում: Սա բիզնեսի ընդլայնման գործոններից է, և կարող է մեծացնել ներդրողների և վարկատուների շրջանակը: Կարևոր չէ, թե որ բնագավառում ինչ գործունեություն է ծավալում ընկերությունը, բոլորի համար ընդհանուր անհրաժեշտություն է գրագետ հարկային հաշվետվություններ պատրաստելը, և որ դրանք լինեն հիմնավորված: Բարձրակարգ մասնագետի խնդիրն է ոչ միայն կազմել հարկային հաշվետվությունը, այլև ապահովել ընկերության հարկերի ժամանակին և ճշգրիտ չափով, այսինքն` առանց գերավճարների և թերավճարների, փոխանցումը պետական բյուջե: Հաշվապահական ընկերության պրոֆեսիոնալիզմից է բխում նաև հստակ պատկերացում տալ ընկերությանը նրա ֆինանսական վիճակի մասին, քանի որ հենց դրա հիման վրա կարելի է եզրակացություն կատարել դրամական հոսքերի, վաճառքի ծավալների և շահույթի մասին:

Այս համատեքստում "3A Partners” ընկերության մասին խոսելը պատահական չէ: Դրանք ապահովելու քաղաքականությունն ընկերությունը վաղուց մշակել և դրա շնորհիվ գործընկերների մեծ շրջանակ է ձեռք բերել: “3A Partners” ընկերությունը հիմնադրել է Արամ Աշուղյանը՝ կազմակերպության ստեղծման հիմքում ունենալով այդ բնագավառում ձեռքբերված հարուստ փորձը:

Մենք խոսեցինք բիզնեսի զարգացման սուբյեկտիվ գործոններից: Իսկ արտաքին պատճառների շարքում այն չլուծված խնդիրներն են, որոնք գոյություն ունեն հարկային օրենսդրությունում և դրա իրականացումը ապահովող վարչարարության համակարգում: Դրանց պարագայում տնտեսության կայուն ու բարձր տեմպերով աճի խթանումը դեռևս չի վերածվել հարկային քաղաքականության գերակայության:

Այդ խնդիրները մենք քննարկեցինք "3A Partners” ընկերության նախագահ Արամ Աշուղյանի հետ:

 

           

“Մի կարևոր նկատառում. գերակայություն պետք է լինի արդյունավետ տնտեսական քաղաքականությունը և ոչ թե հարկային քաղաքականությունը: Հարկային գործունեության արդյունավետության  գրավականը տնտեսական համակարգի զարգացումն է: Արդյունավետ տնտեսական քաղաքականությունը տնտեսությունը զարգացնելու, ներդրումները խթանելու, առևտրաշրջանառությունը մեծացնելու, գիտատար ճյուղերը խթանելու ուղղությամբ գործուն մեխանիզմների ներդնումն է: Իսկ բիզնեսի հարկման դաշտում վերջին երկու տարիների ընթացքում մեթոդների փոփոխություն, իհարկե, նկատելի է, սակայն խնդիր կա քննարկել, թե դա ինչու դրական սպասվող փոփոխություններ չի առաջացնում բիզնես միջավայրի վրա:

            Ըստ իս, շատ բան պայմանավորված է բյուջեի եկամտային մասի ապահովման հիմնախնդրով: Պետական բյուջեն հաստատելուց հետո նրա եկամտային մասի կատարողականի ճնշիչ հոգսը միանգամից ծանրանում է երկուսի` բյուջեի եկամուտների հավաքագրումն իրականացնող մարմնի` պետեկամուտների կոմիտեի և գործարարի ուսերին: Կարծես մրցակցություն է սկսվում նրանց միջև:

            Այս խնդիրը մի քանի կողմ ունի: Հարկային տեսուչը օրենքով նախատեսված ժամկետում փաստաթղթային ստուգումներ անցկացնելու, ձևակերպումների սխալներ հայտնաբերելու փոխարեն, արդեն երկրորդ, լավագույն դեպքում երրորդ օրվանից հակված է ըստ էության “դադարեցնելու” ստուգումը և սկսելու բանակցություններ տուգանքի այնպիսի չափի շուրջ, որն իր համար “նվազագույնն” է, իսկ գործարարի համար “ոչ կործանարար”: Նման պահվածքը, առնվազն, հիասթափեցնող է: Հաշվապահները, հազար ու մի քննարկումներ են անցկացնում խառնիճաղանջ հարկային օրենքների շուրջ, ուսումնասիրում վիճելի հաշվապահական հարցերն այլ մասնագետների հետ, գործադրում բոլոր ջանքերը, որպեսզի հաշվապահական ծառայությունների որակը մի քիչ էլ բարձրացնեն: Բայց արդյունքում կատարված աշխատանքը չի ուսումնասիրվում: Հարկահավաքների և գործարարների մի ստվար զանգված համոզված է, որ մեր օրենսդրության պայմաններում գրեթե անհնար է սխալներից զերծ մնալ, ուստի և երկկողմ ընդունելի է ստուգումը շտապ ավարտել. տեսուչը կանցնի իր պլանի կատարմանը, իսկ գործարարը` “խաղաղ աշխատանքին”: Թվում է, թե այս իրավիճակը բավարարում է երկու կողմերին էլ: Բայց այն, կարծում եմ, չի բավարարում տնտեսությանը, պետությանը: Սա անհրաժեշտ է շտկել: Այդ ուղղությամբ արվող քայլերից կարելի է նշել, մասնավորապես, անմիջապես տնտեսվարողի գրասենյակում ստուգում իրականացնող տեսուչի հաշվապահական և իրավաբանական պատրաստվածության բարձրացումը, նրան ամեն գնով ընդունված չափերի շրջանակներում տուգանելու բեռից ազատումը, մյուս կողմից՝ գործարարին աստղաբաշխական տույժ ու տուգանքներից զերծ պահելը, որոնց վճարումը կարող է կործանել նրա բիզնեսը: Հայտնի են ստուգման ակտեր, որոնցում տուգանքի ընդհանուր չափը հավասար կամ ավելին է տվյալ ընկերության ընդհանուր եկամտից: Իհարկե, միտումնավոր խախտումների  դեպքում պետք է կիրառել խիստ պատիժներ, որոնք մեր օրենսդրությունը սահմանում է:

            Անհրաժեշտություն կա, որ տնտեսվարողի հետ շփվեն ստուգելու լիազորություն ունեցող ոչ թե ժամանակին ուժային կառույցներից դուրս մնացած մարդիկ, այլ տնտեսագիտական կրթություն ունեցող, կամ առնվազն ֆինանսահաշվային ոլորտում աշխատանքային նվազագույնը հինգ տարվա փորձ ունեցող, ժամանակին ինքնուրույն փաստաթղթեր կազմած, տնտեսական գործունեության վերլուծություն անելու ունակ մասնագետներ: Հավաստիացնում եմ, որ գործող հաշվապահի համար շատ ավելի դժվար է իր արած գործի թերությունները թաքցնել նախկինում հաշվապահ աշխատած տեսուչից, քան իր պետական ծառայողի լիազորությունները աջ ու ձախ թափահարող, սակայն նախկինում սեփական գործը չունեցած կամ ինքնուրույն երբևէ գոնե հաշվետար չաշխատած տեսուչից: Այս պարագայում ստուգման գործընթացը կվերածվի տնտեսագիտական-մասնագիտական վեճի, որից հետո միայն կարելի է տալ իրավական գնահատական: Սա պետք է դառնա ընդունելի բոլորի համար, այդ թվում և նրանց միջև վեճը քննող դատարանի համար, որպեսզի որոշումներ կայացնելիս նրանք ծանրաբեռնված չլինեն բյուջեի կատարողականի ծանր հոգսով:

            Իսկ ինչու են օրենքները տարընթերցումների բազմաթիվ հնարավորություններ տալիս, և ինչու է օրենսդրությունը հասկանալը այդքան բարդ:

            Տնտեսական քաղաքականության բացակայության ներկա պայմաններում ստացվել է այնպես, որ օրենքները հիմնականում ընդունվում են հարկահավաքման օպերատիվ կողմն ավելի արդյունավետ դարձնելու և ոչ թե գործարար աշխատանքի համար օրենսդրական դաշտն ապահովելու, ուստի և` բոլոր հարկատեսակների գծով համալիր ստուգում անցկացնելու ուղղությամբ: Պետեկամուտների կոմիտեն գրեթե միշտ ցայտնոտային վիճակում շեշտը ստիպված է լինում դնել  խնդրի այսրոպեական լուծմանը` բյուջեի կատարողականին: Բայց ես կարծում եմ, որ հաշվապահական գիտելիքների ձեռքբերմամբ և վերապատրաստմամբ կարելի է շատ ավելի մեծ արդյունքների հասնել նույն բյուջեի կատարողականի առումով: Վերջին դեպքում գործարարի մոտ չի առաջանա նաև այն միտքը, թե եկան՝ չհայտնաբերեցին, բայց վախեցրին` ստիպված տուգանվեցինք: Այսրոպեական  խնդիրների լուծման միտումը ցայտուն երևում է ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային արժեքների որոշման պրակտիկայում: Ներմուծումների դեպքում գործում է հսկիչ գների անլուծելի թվացող հիմնախնդիրը, երբ շատ դեպքերում ինվոյսային արժեքն անտեսվում է և հարկի հաշվարկման համար կիրառվում է տվյալ ապրանքատեսակի համար սահմանված հսկիչ գինը, իսկ արտահանման ժամանակ (արտահանման գործարքների համար կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ) մաքսային արժեքը չի վերահսկվում ընդհանրապես: Սա բացասաբար է անդրադառնում նաև երկրի արտաքին առևտրի նկարագրի վրա, որն իհարկե հաշվարկվում է մաքսային արժեքներով: Բայց սա այլ ցավոտ թեմա է:

            Ներկայումս, կարծում եմ, արդյունավետ քաղաքականություն է ընտրված՝ ըստ ռիսկայնության և ոլորտի շահութաբերության վերահսկողություն: Սրա մասին շատ է խոսվում, բայց արվող քայլերի (որոնք իրականում կան, գործող հաշվապահները չնկատել չեն կարող) տեմպերը գոհացնող չեն: Պետք է այդ ուղղությամբ քայլեր անել ավելի ակտիվ, մասնագիտորեն ու անաչառ: Դրա տեխնիկական-ծրագրային լուծումները արդեն կան: Նման մոտեցման դեպքում կթուլանա համատարած այն դժգոհությունը, որ առկա է ստուգումների գործընթացի վերաբերյալ: Եվ խոսքս այստեղ միայն ՊԵԿ-ի մասին չէ: Բազմաթիվ տեսչական ստուգումներ, որոնք կառավարության որոշումով մի քիչ զսպվում են (խոսքս “փոքր” բիզնեսին բացի ՊԵԿ-ից մյուս տեսչական հիմնարկների կողմից ստուգումների արգելքի մասին է), պետք է իրականացվեն միայն բողոքների առկայության դեպքում: Կարծում եմ, որ շատ գործարարների է ծանոթ այնպիսի իրավիճակ, երբ ինչ ուզում ես արա, միևնույն է քո կազմակերպած գործից երբեք գոհ չեն հակահամաճարակային, աշխատանքի, հակահրդեհային տեսչությունները և այլն: Հակահամաճարակային տեսչության տեսուչը  կարող է իր հինգ կոլեգաների հետ աշխատել այրված լամպերով փոքրիկ խավար սենյակում 2001թ. համակարգչով, իսկ քեզ տուգանել այն բանի համար, որ իր 1974թ. չափիչ սարքը «գտնում է», որ քո վերջին սերնդի համակարգիչների ռադիոակտիվությունը նորմայից շատ է և վնասում է աշխատողին:

            Եվս մի նկատառում, որը շատ է կարևորվում գործող հաշվապահների և նամանավանդ գործատուների կողմից. ազդարարված փոփոխությունները պետք է անշեղորեն կիրառվեն: Ներկայումս հայտարարվել է, որ մեր տարածքային հարկային տեսչությունները բիզնեսին մատուցում են ծառայություններ. գործում է մեկ պատուհան, թեժ գիծ, լինելու է գանգատարկումներին նորովի մոտեցում և այլն, ուրեմն դրանք պետք է անպայմանորեն այդպիսին էլ լինեն, այլապես հիասթափությունը ավելի վնասակար ազդեցություն է ունենում բիզնեսի վրա, քան այն, եթե ոչ մի լավ փոփոխության մասին չազդարարվեր: Օրինակ՝ հարկային տեսուչը դուրս է գալիս իր հիմնարկից հանձնարարությամբ` անպայման վերադառնալ ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին մի քանի արձանագրություններով: Եվ դրանք կարող են կազմվել այն խանութների վերաբերյալ, որոնք սովորաբար պարտաճանաչ տրամադրում են կտրոնները և մեկ անգամ վրիպում: Ընդ որում, վաճառողին “վրիպեցնելու” համար էլ հատուկ հնարքներ կան: Միևնույն ժամանակ տեսուչը պետք է հստակ իմանա, թե որ մանրածախ օբյեկտերին չի կարելի մոտենալ: Միամտություն է ակնկալել, որ խանութի վաճառողը, որը պետք է լինի երիտասարդ-բարետես-օտար լեզուների իմացությամբ, պետք է նաև գերուշադիր ու գերպարտաճանաչ որակյալ կադր լինի, որը զերծ լինի շփոթվելու հնարավորությունից և աշխատի ամսական 40000-60000 դրամով ու պակասորդն էլ փակի իր գրպանից: Բայց սա նույնպես այլ թեմա է` նվիրված աշխատաշուկային: Շատերս գոհ կլինեինք, որ համապատասխան մարմինները նմանատիպ “հսկիչ գնումների” կիրարկմամբ նույնպիսի նպատակասլացությամբ մեր երկրում կոռուպցիան հայտնաբերեն:

            Ինչպես վերը նշեցի, մենք շատ լուրջ խնդիր ունենք. դա օրենքների խառնիճաղանջ վիճակն է, միմյանց հակասելը, երկիմաստությունը: Հարկերի վերաբերյալ օրենքների հարյուրավոր պարզաբանումներ կան: Իսկ պարզաբանումների անհրաժեշտությունը ցույց է տալիս, որ այն որպես օրենք խոտան է: Պարզաբանումներով շտկվում ու լրացվում են օրենքում տեղ գտած բացթողումները: Պետք է իմանալ, որ այսինչ հոդվածի վերաբերյալ կան այս-այս պարզաբանումները: Ստիպված ես անընդհատ հետևել դրանց, որպեսզի որևէ պարզաբանում բաց չթողնես: Չկա մի տեղ, որտեղ կարդաս օրենքը, այն հասկանաս և վստահ լինես, որ այն ամբողջական է և կարդալու պահի դրությամբ վերջնական տարբերակն է: Որպես կանոն, տնտեսության հարկման օրենսդրությունը հասկանալու համար անհրաժեշտ է լինել իրավաբան կամ տնտեսագետ, ավելի շուտ՝ անհրաժեշտ է լինել բարձր կարգի տնտեսագետ` ոչ պակաս իրավաբանական փորձառությամբ: Սակայն գործարարը կարող է լինել մասնագիտությամբ արվեստագետ, բժիշկ, ոչ տնտեսագետ, ոչ իրավաբան, և օրենքները պետք է նրանց համար էլ հասկանալի լինեն. նրանք էլ են կրում պատասխանատվություն այդ օրենքները չպահպանելու համար:

            Հայտնի է, որ գործարարը, հաշվապահը ընկնում են օրենսդրական թակարդները, որոնք իրականում կան: Թակարդավոր օրենքները շատանում են հենց այն ժամանակ, երբ պարբերաբար փոփոխվում են խաղի կանոնները, երբ գործում են մի քանի հարկման դաշտեր: Գործարարի համար, ըստ իս, խնդիրներ առաջացնողը ոչ թե հարկի չափն է, այլ օրենսդրական հարափոփոխությունը: Իհարկե աշխարհը փոփոխվում է, օրենքներն էլ պետք է համապատասխանեցվեն այդ փոփոխություններին: Բայց տնտեսական օրենքների այդ աստիճան հաճախակի փոփոխությունները ես չեմ կապում տնտեսության փոփոխությունների հետ: Բյուջեն հաստատելուց հետո կարճ ժամանակում արդյունքի հասնելը մեր երկրում դիտվում է որպես թիրախ, բայց տեսնելով, որ չի ապահովվելու մուտքերն ըստ իրենց նախատեսածի, իրենց պարտքն են համարում նոր հարկատեսակ ընդունել, կամ բարեփոխումների անվան տակ թակարդներ ստեղծել և դրա հաշվին մուտքերի կատարողական ապահովել: Խաղի կանոններն անընդհատ փոխելու դեպքում խառնվում են գործարարների բոլոր ծրագրերն ու հաշվարկները: Արդյունքում` ներդրումների արդյունավետության անկում, հիասթափություն և տնտեսական միջավայրը փոխելու հետ կապված մտքեր: Տնտեսվարման պայմանների կայունությունն ու կանխագուշակելիությունըհանդիսանում են արդյունավետ տնտեսական գործունեության կարևորագույն բաղկացուցիչներ:Եվ այս դեպքում կրճատվում է ռիսկայնությունը, ինչը բերում է ավելի մեծ ու արդյունավետ ներդրումների և որպես հետևանք`գործարար միջավայրի աշխուժացման ու տնտեսական աճի:

            Իսկ ինչպես են հանգուցալուծվում վերը շարադրված պայմաններում տնտեսվարողի գործունեության խախտումների արձանագրման դեպքերը: Եկեք ընդունենք, որ գործարարի իրավունքները պաշտպանելու համար դատարանը ամենանախընտրելի ճանապարհը չէ: Երջանիկ պատահականությամբ նա կարող է շահել դատը, այն էլ տարուց ավելի ձգվող գործընթացում: Բայց գործարարը, ըստ իս, չպետք է դատարան գնա պետության կողմից ընդունվող օրենքների թակարդում հայտնված լինելու պատճառով իր զանցանքի քննության համար: Նա պիտի դատարան գնա ուրիշ գործարարի հետ իր տնտեսական շահը պաշտպանելու համար: Պետությունը “փայատեր” է յուրաքանչյուր գործում, նրա հետ գործարարը չպիտի դատարանում հայտնվի: Սակայն մենք չունենք վեճերի քննման այլ տեղ: Արտադատարանական քննության ինստիտուտ եթե ֆորմալ առումով կա, ապա հարցում կազմակերպելու դեպքում կհամոզվենք, որ այն իրականում գոյություն չունի: Այսինքն` եթե ստուգման արձանագրությունը գրվում է, և գործարարը դրան համաձայն չէ, ապա հարկային մարմնին վերադաս կարգով բողոքարկելը գործնականում անօգուտ է, իսկ դատական ճանապարհը չափազանց երկար է դատարանների գերծանրաբեռնվածության առումով և թանկ` փաստաբանական մեծ ծախսերի առումով: Այս իրավիճակում, կարծում եմ, ակտուալ է գործող հաշվապահների, կամ գործատուների, կամ ըստ ոլորտների ասոցիացիաներ ունենալը, որոնք ստեղծված կլինեն “ներքևից”, և որոնք էլ հետամուտ կլինեն այդ խնդիրների լուծմանը: Գոյություն ունեցող ասոցիացիաներից շատերը, որոնք գործարարներիս, հաշվապահներիս համար վճարովի դասընթացներ են կազմակերպում, չես հասկանում պրակտիկ մասնագետների հոգսը ոնց են թեթևացնում: Իսկ աշխարհում ասոցիացիաներ կան, որոնցից իշխանությունը սարսափում է: Սարսափը այստեղ պետք է, իհարկե, հասկանալ հակակշռման գործուն լծակի իմաստով:

            Իմ կողմից վերը բարձրացված շատ մտահոգությունների լուծման մի մասն է կազմում մասնագիտացված ընկերությունների միջոցով հաշվապահական ծառայություններ մատուցելու պրակտիկայի արմատավորումը: Միևնույն մասնագիտության տեր մարդիկ, միմյանց հետ քննարկելով իրենց հանդիպող խնդիրները, վերլուծելով օրենսդրական փոփոխությունները, ինչու չէ, նաև միմյանց քաջալերելով կարողանում են հասնել ավելի մեծ արդյունքների: Մեր պարագայում ժամանակի թելադրանքով, կարելի է ասել՝ ինքնաբերաբար, ստեղծել ենք մեր ընկերությունը՝ ներգրավելով երիտասարդ և խոստումնալից կադրեր, որոնց քաջալերումն ու առաջխաղացումը դիտարկում ենք որպես կարևորագույն նպատակ”:

 

Երևակ Հասարակական-քաղաքական ամսագիր, օգոստոս N2/17 2012