Երբ հրապարակ նետվեց ՀՀ Ընտրական օրենսգիրքը, քաղաքական ուժերը սկսեցին այն փոփոխելու շուրջ բանակցությունները: Վերջում՝ «եղավ այն, ինչ եղավ» (ինչպես սիրում են ասել քաղաքական գործիչները, երբ խոսքից խեղճանում են): Իսկ իրականում՝ երկիրն ընդվզման հույսի նշույլ ունեցող հուսահատության փոսից վար ընկավ դրական փոփոխության անհուսության անդունդը: Օրենսգիրքը «լավացնողները» մեկնաբանում են մոտավորապես այսպես՝ մենք հասանք նրան, որ օրենսգրքում լավ բան գրեցինք, սակայն կյանքը ցույց տվեց, որ իշխանությունը նենգ է, չապահովեց դրանց անթերի կատարումը:
Հիմա, հրապարակ է նետվել Հարկային օրենսգիրքը: Շատ հարգարժան մասնագետներ լծվել են այն փոփոխելու հիրավի սուրբ գործին (սա լրիվ անկեղծ): Չեմ կասկածում, որ մինչև ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, Հարկային օրենսգիրքը կփոփոխվի միայն դեպի դրական կողմը՝ կլավացվի: Սակայն դրանից մեր երկրում օրինավոր բիզնես անելը չի դառնա հնարավոր, ներքին՝ օբյեկտիվորեն հնարավոր և ոչ թե սուբյեկտիվ՝ սրա-նրա «ազիզ խաթր» կատարվող ներդրումները չեն շատանա, գործարարները ազատ չեն շնչի ճիշտ այնպես, ինչպես ընտրողները չեն կարծի, թե իրենց ձայնից որևէ բան է կախված ընտրություններում: Իսկ այդ փոփոխությունների վրա աշխատած մասնագետները, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, կընկնեն մասնագիտական հուսահատության գիրքը (տա աստված՝ սխալվեմ):
Այս իմաստով Հարկային օրենսգիրք փոփոխելը ընդամենը մի փոքր հետաձգում է բիզնես դաշտի հնարավոր աղետը: Իրականում, Հայաստանի բիզնես դաշտը շուտվանից աղետալի վիճակում է, սակայն արդեն այնքան երկար է այդ ազատ անկումը տևում, որ կարծես սովորել ենք այս աղետալի պայմաններին, և կարծում ենք, թե սա բիզնես դաշտի բնականոն վիճակ է, այսպես էլ պետք է լիներ (պատերազմի ու շրջափակման կտերը էլ շուտվանից չեն անցնում):
Վերլուծելով իրավիճակը՝ առաջ է գալիս հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման միակ ռացիոնալ քայլը.
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐԵԼ, ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՊԱՀԵԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ԳԱԶԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ, ԻՍԿ ԳԱԶՊՐՈՄ-ԱՐՄԵՆԻԱՅԻ ԳԼԽԱՄԱՍԻՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՏԱԼ՝ ՊԵԿ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ. ՄԱՐԴԻԿ ՀԱՄ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ, ՀԱՄ ԷԼ ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑԸ ԿԱԶԱՏՎԻ ԷԴ ԱՀԱՎՈՐ ԵՐԹԵՎԵԿԻՑ:
ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. ԳԱԶԻ ՆԵՐՏՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԷՆ ԱՆԻՄԱՍՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՈՐ ՀԻՄԱ ՏԱԼԻՍ ԵՆՔ, ԷԴ ԱՌԻԹՈՎ ԱՅՑԵԼՈՂ ԳԱԶԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԵՏՆԵՐԸ ԿԲԵՐԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԷՆ ԿԼՈՈՒՆԱԴԱՅԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԸ. ԷԼ ՉԵՆ ԶԱՆԳԱՀԱՐԻ ՈՒ ՀՐԱՎԻՐԻ ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻ ՄՈՏ, ԹԵ ԲԱ՝ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՈՒՆԵՔ ՍՏԱՆԱԼՈՒ: